ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ ԳԱԳԻԿ
«…ես տեսայ, որ մարդն ամէնուր նոյնն է …»
Գագիկ Յարութիւնեանը 20րդ դարի գեղարուեստական լուսանկարչութեան նշանաւոր ներկայացուցիչներից մէկն է: Սկզբնական շրջանում աշխատել է որպէս ֆոտոլրագրող եւ իր գործունէութեան սկզբից արդէն աչքի է ընկել վաւերագրական լուսանկարչութեան մէջ մեծ վարպետութեամբ, հետագայում ինքնատիպ գեղարուեստական մտածողութեան եւ գեղագիտական նրբաճաշակութեան շնորհիւ` արուեստագէտը մեծ աւանդ է թողել ինչպէս հայ գեղարուեստական լուսանկարչութեան մէջ, այնպէս էլ արդի ու ժամանակակից հայ արուեստի պատմութեան համար:
Գագիկ Յարութիւնեանի աշխատանքները լուսանկարչական արուեստի հանդէպ նոր աշխարհայեացքի ձեւաւորման հիմնաքար են հանդիսանում: Յարութիւնեանի արուեստը կարեւորւում է պարզ եւ միեւնոյն ժամանակ արտասովոր թեմաների ընտրութեամբ:
Յարութիւնեանը միակ խորհրդահայ լուսանկարիչն է, ով աշխատել է շարքերով՝ ելնելով հետազօտական ու վերլուծական սկզբունքներից: Լուսանկարչի իւրաքանչիւր շարք ինքնատիպ ու ազդեցիկ է, միեւնոյն ժամանակ կրում է իր մէջ նախորդ շրջանի տրամաբանական շարունակութիւնը: Նրա արուեստի շնորհիւ կարողանում ես զգալ ժամանակաշրջանի շունչը:
Ինչպէս Յարութիւնեանը մեզ հետ զրոյցում է նշել. «Մէկ լուսանկարը բաւական չէր ցոյց տալու համար խնդրի կամ ասելիքի բազմակողմանիութիւնը համապարփակ ձեւով, եւ առանձին լուսանկարները չեն կարող թողնել այնպիսի հետք, ինչպիսին թողնում են շարքերը»:
Ինչպէս մեզ հետ զրոյցներից մէկում նշել է երաժշտագէտ, լուսանկարչուհի Սոնա Անդրէասեանը. «Հայ լուսանկարչութեան մէջ Գագիկ Յարութիւնեանի հետ ծանօթութիւնը բերում է դիտողին ինքնաճանաչողութեան եւ ինքնավերլուծութեան: Ճանաչել ինքդ քեզ, քո երկիրը, արդիւնքում նաեւ փոխադարձաբար այդ ամէնի պահպանման համար պատասխանատուութիւն կրել եւ աւելացնել: Մտածել եւ հասկանալ ի՞նչ ես դու անում եւ ինչո՞ւ: Լուսանկարչութիւնն այսօր աւելի տեխնիկական բնոյթ ունի, քան միջոց խօսելու համար, իսկ Գագիկ Յարութիւնեանը զրուցում է իր արուեստով»:
Արուեստագէտի մի քանի շարքեր, ինչպես նաեւ առանձին լուսանկարներ դեռեւս սեւապատկերների վրայ են եւ դեռ արուեստասէր հանրութեանը ներկայացուած չեն:
Գագիկ Յարութիւնեանը ծնուել է 1946 թ. սեպտեմբերի 22ին, Երեւանում: 1965 թ. աւարտել է Երեւանի հաստոցաշինական տեխնիկումը` մետաղների սառը մշակման տեխնոլոգիայի մասնագիտացմամբ: 1964-1971 թթ. աշխատել է Երեւանի տարբեր գործարաններում որպէս հաստոցագործ եւ ինժեներ: 1965 թ. սկսել է զբաղուել լուսանկարչութեամբ: 1968 թ. ղեկավարել է պատանի տեխնիկների կայանի ֆոտոխմբակը:
Խորհրդային Հայաստանում լուսանկարիչները հիմնականում աշխատել են լրատուամիջոցներում, Գագիկ Յարութիւնեանը` նոյնպէս։ Սակայն նրա լուսանկարները միայն լրատուամիջոցների համար չեն եղել, դրանք իրենց մէջ կրում են լուսանկարչական արուեստի ուժեղ ներգործութիւն եւ կարծես թէ ապագայի հանդէպ ունեցած հեռատեսական հայեացքների շնորհիւ էլ արդի եւ բնութագրական են եղել ոչ միայն լուսանկարչի գործունէութեան տարիներին, այլեւ մինչ այժմ։
Գագիկ Յարութիւնեանն, ինչպէս եւ Խորհրդային Հայաստանում պրոֆեսիոնալ գործունէութիւն ծաւալած շատ այլ լուսանկարիչներ, ինքնուս է: Յարութիւնեանն սկսել է լուսանկարել պատանի հասակում` հօրից նուէր ստացած ֆոտոխցիկով:
Գագիկ Յարութիւնեանն իր գործունէութիւնը սկսել է սկզբնապէս ուսումնասիրելով նախ արխիւային նիւթը, սակայն շատ քիչ նիւթ գտնելով` որոշել է անդրադառնալ այնպիսի թեմաների, որոնցով նա կը կարողանար փոխանցել իր ժամանակաշրջանի նկարագիրը: Ահա այս մօտեցման շնորհիւ է, որ նրա արուեստն այդքան ընդգծուած է ցոյց տալիս կապն իր ժամանակաշրջանի հետ: Հետաքրքրական է, որ Գագիկ Յարութիւնեանի վաւերագրական, ֆոտոռեպորտաժային լուսանկարներն անգամ զուտ վաւերագրական չեն: Դրանք բովանդակային առումով բազմաշերտ են, այլաբանական: Լուսանկարիչն ուղիղ ձեւով չի փոխանցել իր ասելիքը, այլ թոյլ է տուել, որ դիտողն ինքը մտածի, լրացնի եւ իր անհատական ընկալմամբ հասկանայ…
Գագիկ Յարութիունեանն իր գործունէութիւնն սկսել է 1971 թ.՝ իբրեւ «Կոմսոմոլեց» թերթի թղթակից եւ աշխատել է մինչեւ 1974 թ.: Երկու տարի անց` 1976 թ., Գ. Յարութիւնեանը թերթից տեղափոխուել է «Արտասահմանեան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերութիւն» (АОКС) եւ աշխատել մինչեւ 1989 թ.:
Ամսագրերում աշխատելիս նրա լուսանկարները միանգամից գրաւել են խմբագիրների ուշադրութիւնը, քանի որ դրանք իրենցից գեղարուեստական արժէք են ներկայացրել, թէպէտ ձեւի մատուցման պարզութեանն ու մատչելիութեանը, բովանդակութեան առումով խորն ու ենթատեքստային էին` ընդգրկման բազմազանութեամբ: Լուսանկարիչը` ռեպորտաժային յանձնարարութիւններից դուրս` հետաքրքրուած է եղել մասնաւորապէս հետեւեալ թեմաներով` բնապատկեր, մարդու փոխյարաբերութիւնը բնական միջավայրի հետ, քաղաքային կեանք եւ սիմվոլիկ լուսանկարչութիւն:
«Արտասահմանեան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերութիւնում» աշխատանքը մեծ հնարաւորութիւն էր Գագիկ Յարութիւնեանի համար, քանի որ այդ տարիներին լուսանկարիչը բազմիցս գործուղուել է ոչ միայն մի շարք եւրոպական, այլ նաեւ աֆրիկեան երկրներ. Դանիա, Ֆրանսիա, Յունաստան, Աւստրիա, Բելգիա, Լիւքսեմբուրգ, Հունգարիա, Գուինէա, Սենեգալ, Գերմանիա, Մերձբալթեան հանրապետութիւններ, Ռուսաստան եւ այլն: Գործուղումներից լուսանկարիչը վերադարձել է մի շարք պատմութիւններով, որոնք պէտք է ներկայացնէր հայ արուեստասէր հասարակութեանը: Լուսանկարչին չեն հետաքրքրել ճամբորդական բնոյթի թեմաները. նա ամենուրէք փնտռել է մարդուն, փորձել ծանօթանալ նրա հոգսերին ու խնդիրներին: Այս փնտռտուքների ընթացքում լուսանկարիչն ակնկալուող տարբերութիւնների փոխարէն խորը նմանութիւններ է գտել, ինչպէս ինքն է նշել` «Ես տեսայ, որ մարդն ամէնուր նոյնն է …»:
Շուրջ երեք տասնամեակ լուսանկարիչը համագործակցել է գրեթէ բոլոր տեղական եւ խորհրդային երկրներում հրատարակուող խոշոր պարբերականների հետ: Պարբերաբար նրա հետաքրքիր աշխատանքները շարքերով հրապարակուել են հայաստանեան խոշորագոյն ամսագրերում, մասնաւորապէս` Սովետական Հայաստան, Հայաստանն այսօր, Գարուն ամսագրերում:
Լուսանկարչի աշխատանքները բացի պարբերականներում տպագրուելուց 1970-80ականներին ցուցադրւում էին «Ժուռնալիստների տանը» (Дом жур.) եւ «Արտասահմանեան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերութեան» (АОКС) շէնքում կազմակերպուող ցուցահանդէսներին, որոնցից ստացած տպաւորութիւններն արուեստասէրները դեռեւս չեն մոռացել: Գագիկ Յարութիւնեանի արուեստով աւելի շատ սկսեցին հետաքրքրուել, երբ լուսանկարչի աշխատանքները սկսեցին յաճախակի երեւալ հանրապետական մամուլի էջերում եւ յատկապէս Գարունում: 1981 թ. լուսանկարչի ակտիւ համագործակցութիւնը Գարուն ամսագրի հետ զգալի ազդեցութիւն թողեց գեղարուեստական լուսանկարչութեան ընկալումների փոփոխութեան վրայ:
Խորհրդահայ լուսանկարիչներից Գ. Յարութիւնեանն այն քիչ լուսանկարիչներից մէկն է, ում յաջողուել է ունենալ արուեստային լուսանկարչութեան անհատական ցուցահանդէսներ:
Այս ցուցահանդէսները բացի որակեալ, գեղագիտական, խորն ու բովանդակային արուեստ ներկայացնելուց, բացառիկ հնարաւորութիւններ էին խորհրդահայ հասարակութեան համար հաղորդակցուելու իրենց անծանօթ աշխարհին, բացայայտելու մշակոյթի, կենցաղի ու քաղաքակրթութեան ձեւերի բազմազանութիւնը խորհրդային իրականութիւնից դուրս:
1989-1991 թթ. որպէս լուսանկարիչ Գ. Յարութիւնեանն աշխատել է արդէն Հայք, Անդրադարձ եւ Զինուոր թերթերում: Յարութիւնեանի վաւերագրական լուսանկարներն անընդմէջ տպագրւում էին հայաստանեան, ինչպէս նաեւ ռուսական եւ արեւելաեւրոպական մամուլում: Այդ տարիներին արուեստագէտի լուսանկարները ոչ միայն հիացմունքի, այլեւ ոգեշնչման աղբիւր էին ինչպէս կայացած, այնպէս էլ սկսնակ լուսանկարիչների համար: Գ. Յարութիւնեանի արուեստի հիմքում ընկած է լուսանկարչութեան գեղագիտական ներուժը, որն արուեստագէտն ուղղել է բացայայտելու արուեստային ու փիլիսոփայական ընկալումների նոր հորիզոններ:
1993-1999 թթ. լուսանկարիչը դասաւանդել է Մխիթար Սեբաստացու անուան կրթահամալիրում` որպէս գեղարուեստական լուսանկարչութեան ուսուցիչ:
Գագիկ Յարութիւնեանի մի շարք ցուցահանդէսները կը ներկայացնենք ստորեւ` ժամանակագրական յաջորդականութեամբ.
1977 թ. «Հայաստան, հողը եւ մարդիկ», AOKS, Երեւան
1978 թ. «Բարեւ Դանիա», AOKS, Երեւան
1979 թ. «Ֆրանսիա», AOKS, Երեւան
1980 թ. «Հայաստան, հողը եւ մարդիկ», Հայաստանի ժուռնալիստների տուն, Երեւան
1981 թ. Անհատական ցուցահանդէս, Բուդապեշտ, Գէօր, Հունգարիա
1983 թ. Անհատական ցուցահանդէս, Կոնակրի, Գուինէա
1983 թ. Գագիկ Յարութիւնեան, Nei Liicht ֆոտօ ցուցասրահ, Լիւքսեմբուրգ
1984 թ. «Աֆրիկա», Հայաստանի ժուռնալիստների տուն, Երեւան
1989 թ. «Բելգիա», AOKS, Երեւան
2000 թ. «Ղարաբաղ», Lew Kopelew Forum, Քէօլն, Գերմանիա
2017 թ. ‹‹Ժամանակի ստուերները. Գագիկ Յարութիւնեանի լուսանկարչական արուեստը, 1970-1995››, Հայաստանի նկարիչների միութիւն
2020թ. «Անվերջ վերադարձ. Գագիկ Յարութիւնեանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը», Գեղագիտության ազգային կենտրոնում։
1990ականների վերջերին խորը հիասթափութիւն վերապրած արուեստագէտը ոչնչացրել է իր տպուած լուսանկարների գրեթէ ամբողջ հավաքածուն: Պահպանուած սեւապատկերներից շուրջ երկու հարիւրը վերականգնուել ու տպուել են վերջերս եւ վերականգնման համար անհրաժեշտ է եղել շուրջ վեց տարի:
1997-2009 թթ. ընթացքում Յարութիւնեանը ոչնչացրել է գրեթէ երկու հազար ժելատին արծաթէ լուսանկար եւ սևապատկեր` համոզուած լինելով, որ դրանք այլեւս որեւէ մէկին չեն հետաքրքրի: 1990ականների վերջերին թողել է լուսանկարչութիւնը, սակայն, բարեբախտաբար, սեւապատկերները պահպանուել են:
2000-2013 թթ. հիմնականում աշխատել է որպէս կահոյքագործ:
Գ. Յարութիւնեանը ստեղծագործել է դժուար ժամանակներում, բայց ստեղծել է արուեստի մնայուն գործեր, որոնք իրենց բնոյթով բազմանիստ են: Այն նորովի է ներկայացնում մարդուն, կեանքը, հայրենիքը, սէրը, մարդկային ողբերգութիւնն ու մշակոյթը: Նրա արուեստի բնորոշ, ընդհանուր գիծը սէրն է: Նա սիրել է մարդուն եւ աշխատել է իր արուեստով էլ սէր փոխանցել մարդկանց: Որպէս արուեստագէտ եղել է անկեղծ, ինքն իրեն երբեւէ չի դաւաճանել: Յարութիւնեանի արուեստն ուսումնասիրելիս նկատելի է դառնում, որ արուեստագէտն օժտուած է եղել ազդեցիկ պահն ընտրելու կարողութեամբ:
Գ. Յարութիւնեանի մասին գրուել են մի քանի տասնեակ յօդուածներ միջազգային եւ հայաստանեան պարբերականներում, որոնք մեծ մասամբ լրատուական բնոյթի են: Խորհրդային մամուլում լուսաբանուել են հիմնականում Յարութիւնեանի ցուցահանդէսները:
«Մշակոյթների երկխօսութիւն›› կազմակերպութիւնը ‹‹Ժամանակի ստուերները. Գագիկ Յարութիւնեանի լուսանկարչական արուեստը, 1970-1995›› ցուցահանդէսին ընդառաջ հետամուտ եղաւ արուեստագէտի ծաւալուն առաջին պատկերագրքի հրատարակմանը, որի ձեւաւորման եւ հրատարակման աշխատանքներն իրականացուեցին Գերմանիայի Հալէ քաղաքում եւ մայրաքաղաք Բեռլինում: Պատկերագրքի հեղինակն է Վիգէն Գալստեանը: Յօդուածում զետեղուած կենսագրական տուեալները փոխառուել են վերոնշեալ պատկերագրքից:
Գագիկ Յարութիւնեանը կեանքից հեռացել է 2021 թ. նոյեմբերի 30ին։
Վիգէն Գալստեանը՝ Գագիկ Յարութիւնեանի մասին.
« …Գագիկ Յարութիւնեանն առանցքային դեր է ունեցել խորհրդահայ մշակոյթում, որպէս գեղարուեստական լուսանկարչութեան զարթօնքի առաջամարտիկ։
Իր գործունէութիւնը սկսելով 1960ականների վերջին, Յարութիւնեանը կարճ ժամանակում դարձել է հանրապետութեան գլխաւոր վաւերագրող լուսանկարիչներից մէկը՝ թղթակցելով տեղական բոլոր պարբերականներին։
Սակայն, նրա ահռելի լուման արդի հայ մշակոյթում առնչւում է լուսանկարչութեան՝ որպէս արուեստի միջոցի հաստատման հետ։
1970ականներից աշխատակցելով Գարուն ամսագրին, Յարութիւնեանը ձեւաւորում է լուսանկարչական պատկերի համարձակ մի նոր ձեւաչափ, որում լուսանկարը յայտնւում էր ոչ թէ որպէս փաստագրում կամ նկարազարդում, այլ փիլիսոփայական ու քննադատական միտք արտայայտող անկախ արուեստային միջոց։
Իրենց պատմական եւ գեղարուեստական նշանակութեամբ բացառիկ են նաեւ Եւրոպայում եւ Աֆրիկայում արուած Յարութիւնեանի մեծածաւալ շարքերը, ինչպէս նաեւ Արցախեան առաջին պատերազմը բիւրեղացնող նրա “Ղարաբաղ” պատկերաշարը։
Յարութիւնեանի գործունէութիւնը յեղափոխել է հայկական լուսանկարչութեան հետագայ զարգացումը, որի ապացոյցն են իր կեանքի օրօք՝ Եւրոպայում եւ Հայաստանում կայացած անհատական ցուցահանդէսները, ինչպէս եւ ժամանակի քննադատների ու գործընկերների վկայութիւնները։
Երկարատեւ ստեղծագործական դադարից յետոյ, Յարութիւնեանը վերադառնում է հանրային տեսադաշտ 2017 թուականին «Ժամանակի ստուերները» յետահայեաց ցուցահանդէսով եւ պատկերագրքով, որոնք դառնում են այդ տարիների ամենանշանակալի երեւոյթները հայ լուսանկարչութեան ասպարէզում։
Առաջին անգամ ի մի բերելով այս արուեստագէտի ստեղծագործական մեծ սխրանքը, ցուցահանդէսը բացայայտութիւն ու ներշնչանքի աղբիւր է դառնում հայ լուսանկարիչների երիտասարդ սերնդի համար՝ որպէս կորսուած ավանդոյթ ու միջազգային կշիռ ունեցող ժառանգութիւն։
Դա ժառանգութիւն է, որն ամրապնդում է 20րդ դարի ամենակարեւոր պատկերային միջոցի՝ լուսանկարչութեան արժանի տեղը հայ արուեստի բազմադարեայ տարեգրութեան մէջ…»։
Գագիկ Յարութիւնեանը կեանքից հեռացել է 2021 թ. նոյեմբերի 30ին։
Գրութիւններու արխիւ