Հայ դասական գրողներից իր կենդանութեան օրերին՝ ոչ ոք այնքան չի գնահատուել ու քննադատուել, ոչ մէկը գրական կեանքն այնքան իրենով չի զբաղեցրել, որքան Լեւոն Շանթը։ Նա բեկում է մտցրել ոչ միայն գրականութեան մէջ,
Կարդալ աւելինՅՈՎԱԿԻՄԵԱՆ ԲԱԽՏԻԱՐ
«Ծնուել եմ 1926 թ. մայիսի 1ին ՀՀ Շամշադինի շրջանի Թովուզ գիւղում (Տաւուշի մարզ, Տաւուշ)։ 1932ին ընտանիքով փոխադրուել ենք Պաքու։ 1934-1941 թթ., եօթնամեայ կրթութիւն եմ ստացել քաղաքային շրջանի Մ8 միջնակարգ դպրոցում։ Պատերազմական տարիներին (1941-1944), կրթութիւնս շարունակել եմ ծննդավայրի դպրոցում։ 1944ի աշնանը վերադարձել եմ Պաքու։ Մանկավարժական ինստիտուտում քննութիւններն աւարտուած լինելով, ստիպուած եմ եղել սովորել հայկական թատրոնին կից դրամատիկական ստուդիայում, որպէս օժանդակ կազմի դերասան մասնակցել եմ մի շարք ներկայացումների անխօս եւ 2-3 նախադասութեամբ դերերով։ Այդտեղ էլ, 1946ին գրել եմ իմ առաջին թատերագիտական աշխատանքս՝ Ժասմէնի Մարգարիտը («Պատուի համար»)։
Մասնագիտական-թատերագիտական կրթութիւն ստանալու նպատակով 1947ին Երեւան եկել եմ եւ ընդունուել թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ Քննութիւններից մէկը եղել է գլխաւոր աշխատանք։ Գրել եմ «Անմեղ մեղավորների բեմադրութիւնը Բաքուի հայկական թատրոնում»։ Կոնկուրսը շատ մեծ էր, հինգ տեղ էր յատկացուած։ Մի 5-ն էլ որոնց բալերը աւելի ցածր էին, քան ընդունուածներինը, մեզ մօտ մնացին եւ մի քանի տարի յետոյ դարձան իսկական ուսանող։ 8 ուսանողից միայն երկու հոգի ենք աշխատել մասնագիտութեամբ. միւսները զբաղուել են տարբեր աշխատանքով։
Դիպլոմային-աւարտական աշխատանքիս (1952) թեման էր եղել «Վ.Գ. Բելինսկին եւ հայ թատերական քննադատութիւնը», որի 1860ական թուականների մասը տպագրուել է ՀՀ ԳԱ Տեղեկագիր ամսագրում (1954, Մ2)։
Երեւանում աշխատանք չգտնելով յետ եմ գնացել Պաքու։ 1953-1958 թթ., աշխատել եմ տեղի «Կոմունիստ» (հայերէն) թերթի խմբագրութեան կուլտուրայի եւ կենցաղի բաժնում, որպէս գրական աշխատող։ Լուրեր-յօդուածներ եմ գրել տարբեր հարցերի շուրջը, ինչպէս նաեւ կերպարուեստի, հիւրախաղերի եկած տարբեր թատրոնների մասին։ Բաքւում 1949ից թատրոն չլինելով, հայկական թատերական կեանքը լուսաբանել եմ 1954 եւ 1957 թթ. Երեւանի Սունդուկեանի անուան եւ Ստեփանակերտի Մ. Գորկու անուան (այժմ՝ Վ. Փափազեանի) թատրոնների հիւրախաղերի ընթացքում։
Բաքւում աշխատանքային հեռանկար չունենալով, մտադրել եմ Երեւան գալ։ Բարեբախտաբար, 1958ի յունիսին մրցոյթով ընդունուել եմ Հայաստանի (այժմ՝ Ե. Չարենցի անուան) գրականութեան եւ արուեստի թանգարան։ 1963-2008 թթ. եղել եմ թատերական բաժնի վարիչը, 1964-2008 թթ. գիտխորհուրդի անդամ։ 1964ից Հայաստանի թատերական գործիչների միութեան անդամ եմ։ Յետագայում Գրքասէրների ընկերութեան անդամ եւ թանգարանի մասնաճիւղի նախագահը։
Թանգարանում զբաղուել եմ արխիւների մշակումով, արխիւային նիւթեր հաւաքելով։ Շուրջ 50-60 հազար միաւոր եմ բերել անձամբ կամ փոստային ճանապարհով։ 20-ից աւելի թեմատիկ ցուցահանդէսներ եմ պատրաստել (տեքստային մասը)։ Շուրջ 100 զեկուցում եւ ելոյթներ եմ ունեցել Հայաստանի մի շարք քաղաքներում, ինչպէս նաեւ Թիֆլիսում, Բաքւում, Ստեփանակերտում, Մոսկուայում, Հալէպում։
1952ից տպագրուել եմ Անդրկովկասի եւ Սփիւռքի հայերէն եւ օտարազգի 90 անուն պարբերական մամուլում։ Սփիւռքահայ համակիրների օժանդակութեամբ եւ այլ միջոցներով հրատարակել եմ 28 անուն մեծ ու փոքր գրքեր՝ մեծ մասամբ հայ թատրոնի, թատերական կապերի, Հայոց Ցեղասպանութեան եւ այլ թեմաներով։ Պատրաստել եմ 4 ժողովածու (Յ. Աբելեան, Ժասմէն, Գարեգին Նժդեհի «Գրական երկեր», Սիրանոյշի «Նամակներ»)։
Եզակի բովանդակութեամբ գրքերից են՝
- «Պէպոն ազգային թատրոններում» (1976)
- «Հայկական թատերական ընկերութեան 120ամեակը» (1984)
- «Պետրոս Ադամեանի «Շեքսպիր եւ իւր Համլետ» գրքի ստեղծման պատմութիւնը» (2002)
- «Հայոց ծածկանունների բառարան» (2005), որն իր բովանդակութեամբ 8 հազար հեղինակի 25 հազար ծածկանունով աւելի մեծ է, քան ուկրաինական, բելառուսական, վրացական եւ ադրբեջանական ծածկանունների բառարանները միասին վերցրած։ Ըստ որում, ինձ մօտ միայն հայ հեղինակներ են, իսկ միւսների մօտ՝ ամէն ազգի գրող։ Բացառութիւն է նաեւ ձեռագիր մամուլի ծածկանունների ցանկը։
- ««Պեպոյի» ժամանակագրութիւնը» (2008) – հանրագիտակ
- «Շեքսպիրը հայ թատրոնում», հանրագիտակ՝ թարգմանութիւններ, հրատարակութիւններ, միջոցառումներ, բեմադրութիւններ հայ եւ օտար թատրոններում, հայերի մասնակցութիւնը երկրի բեմադրութիւններին (2012)։
- «Սայաթ-Նովան եւ նրա սերունդը» (2014) (յարակից 4 նոր հարց սայաթնովագիտութեան մէջ)։
- «Հայոց ցեղասպանութեան թեման թատրոնում» (2015)
- Հայ եւ օտար 248 հեղինակի մի քանի հարիւր պիեսի բեմական պատմութիւնը աշխարհի բոլոր մասերի թատրոններում (2016)։
- «Թատերական օրացոյց» – 1997, 2005, 2006, 2008, 2010, 2011 թուականների թատերական օրացոյցներ, որոնց մէջ 700ից աւելի դէմքեր եւ թատերական կեանքին առնչուող նիւթեր կան։ Տարօրինակ անտարբերութեամբ սրանցից եւ ոչ մէկի համար մի տող չի գրուել Հայաստանի մամուլում։
2008ին ազատուել եմ աշխատանքից՝ թոշակի տարիքի հասնելու պատճառով, մինչդեռ ուրիշ պատրուակ էր թաքնուած նրա տակ։
Բաւականին ընդմիջումից յետոյ, 2013ին, Մատենադարանի արժանապատիւ ղեկավարութեան կողմից աշխատանքի անցայ այնտեղ, որտեղ ընդունուելու համար մերժուել էի դեռեւս 1952 թուականին։
Անցած այս տարիներին ծանօթացել եմ մի քանի ֆոնդերի ցուցակներին, առանձին փաստաթղթերի եւ ուսումնասիրութեան թեմա դարձրել Յարութիւն Ալամդարեանի անտիպ գործերը (հիմնականում «Հռամիզդ եւ Զենոբիա» անաւարտ, անտիպ դրամայի ճակատագիրը), հայ բանասիրական եւ թատերագիտութեան ուսումնասիրութեան ճանապարհին ծնունդ առած անճշդութիւնների շտկմանը՝ տպագրութեան, բեմադրութեան, «Խելքից պատուհասի» շեղուած բեմադրութիւն եւ այլ հարցերի մասին)»։
Գրութիւններու արխիւ